05/12/2016 16:19
Անհրաժեշտ է ճանապարհ գնալ այն քաղաքական գործիչների հետ, որոնք հեռու են սեթևեթանքից. Տիգրան Ուրիխանյան
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի շտապում ասել, թե ինչ քաղաքական ուժերի հետ է փոխգործակցություն տեսնում «Ալյանս» կուսակցությունը։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ առաջիկայում տեղի կունենա «Ալյանսի» արտահերթ համագումարը, որտեղ կընտրվեն կառավարող մարմիններ և կհրապարակվի ընտրությունների վերաբերյալ «Ալյանսի» դիրքորոշումը։
«Իմ անձնական դիրքորոշումը ցանկացած ձևաչափի փոխգործակցության վերաբերյալ հետևայլն է՝ անհրաժեշտ է փոխգործակցել, անհրաժեշտ է ճանապարհ գնալ, անհրաժեշտ է պայքարի մեջ լինել բացառապես այն անհատների և քաղաքական գործիչների հետ, որոնք հեռու են սեթևեթանքից ու ձևականությունից»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ հավանական համարում է, որ ժամանակին ԲՀԿ-ից հեռացածների կողմից նորաստեղծ կուսակցությունների դաշինք հիմնվի, պատգամավորն ասաց՝ հնարավոր է և կարևորն այն է, որ տվյալ միավորման մեջ լինեն և առանցքային դերակատարում ունենան միանման գաղափարներ ունեցող մարդիկ։
«Այդ մարդիկ պետք է լինեն սկզբունք պահող, կամային հատկանիշներ ունեցող, ողնաշարով, մնացած ամենը երկրորդական է»,- ասաց նա։