11/01/2017 11:24
ՄԱԿ-ը դատապարտել է Աֆղանստանում 49 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունները
ՄԱԿ-ը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում և Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետևանքով երեքշաբթի առնվազն 49 մարդ է զոհվել, ևս շուրջ 90-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, այդօրինակ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ արդարացում չունեն: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը «համերաշխություն է հայտնում Աֆղանստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի ու կառավարության հետ, նաև պահանջում է արդարադատության ենթարկել հարձակման պատասխանատուներին»:
Նախօրեին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալի՝ գրոհի հետևանքով, որի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, զոհվել է առնվազն 38 մարդ, ևս 70-ը՝ վերքեր են ստացել:
Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: