11/01/2017 19:30
Չավուշօղլու. Թուրքիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը
Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է Georgia on-Line-ը:
Հանդիպման ավարտին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին:
«Մենք նաև հանդես ենք գալիս Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնությունների արագ իրագործման օգտին», - հավելել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ աջակցում են նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2017-ին սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը: