12/01/2017 12:11
Երկաթուղու շինարարության տնօրինության փակումը չի ազդի հայ-իրանական երկաթուղու կառուցման վրա. Վահան Մարտիրոսյան
Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա:
«Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ», - նշեց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ կառավարությունը շարունակում է հետաքրքրված մնալ այդ ծրագրով և դրա իրականացումը ոչ մի դեպքում դուրս չի մնա կառավարության ուշադրությունից: Թեև ծրագրի իրագործման վերջնական նախագիծ չկա, բայց մոտավոր հաշվարկներով երկաթուղու կառուցման համար կպահանջվի ավելի քան 3 մլրդ դոլար:
Դիտարկմանը, թե արդյոք իրատեսական է համարում երկաթուղու կառուցումը՝ նախարարն ընդգծեց. «Ցանկալի է, որ լինի, և դրա իրագործման համար աշխատանքներ կատարվում են»: