13/01/2017 12:06
Կիպրոսի հարցով Ժնևի գագաթնաժողովն անարդյունք է ավարտվել
Ժնևում Կիպրոսի հարցով անցկացված միջազգային գագաթնաժողովն ավարտվել է անարդյունք: Բանակցությունները շարունակվելու են:
«Նախ՝ հունվարի 18-ին կհանդիպեն բոլոր կողմերը ներկայացնող փորձագետները», - հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը, փոխանցում է DW.com-ը:
Խրիստոդուլիդիսի խոսքով՝ երբ փորձագետներն անվտանգության հետ կապված որոշ թեմաներ մշակեն, բանակցությունների մասնակիցները հերթական փուլը կանցկացնեն: Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ փորձագետների խումբը պետք է զեկույց ներկայացնի սպառազինության և Կիպրոսում տեղակայված զորքերի թվի մասին՝ ինչպես հունական, այնպես էլ թուրքական:
ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետության ղեկավար Մուսթաֆա Աքընչըի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, կարող են շարունակվել հունվարի 23-ին: