18/01/2017 11:18
Պուտին. Թրամփի դեմ կոմպրոմատի մասին զեկույցի հեղինակները մարմնավաճառներից վատն են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքված կոմպրոմատի մասին հաղորդագրությունն անվանել է «ակնհայտ կեղծիք և զառանցանք»։ Պուտինի կարծիքով՝ այդ հաղորդագրությունների հեղինակները «մարմնավաճառներից վատն են», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թրամփը Ռուսաստանում եղել է դեռևս գործարարությամբ զբաղվելու տարիներին։ «Նա պարզապես գործարար է եղել, Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ի՞նչ է, որևէ մեկը կարծում է, որ հատուկ ծառայությունները հետապնդո՞ւմ են յուրաքանչյուր ամերիկացի միլիարդատիրոջ։ Իհարկե, ոչ, սա զառանցանք է»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը կասկած է հայտնել առ այն, որ Թրամփը կարող էր իր հյուրանոցային համար հրավիրել ռուս մարմնավաճառների։
«Նա շփվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ (նկատի ունի գեղեցկության մրցույթների մասնակիցներին)։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե նա վազել է հյուրանոց՝ հանդիպելու ցածր սոցիալական պատասխանատվությամբ մեր աղջիկներ հետ»,-ասել է Պուտինը։