20/01/2017 15:30
2017-ին միջազգային հարթակներում միջոցառումներ են նախատեսված՝ միտված ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի բացահայտմանը
2017 թվականին միջազգային հարթակներում տարբեր լեզուներով իրականացվելու են մի շարք միջոցառումներ, որոնք վերջ կդնեն ադրբեջանական քարոզչամեքենայի ստին և կեղծիքին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
«Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» 2017 թվականին իրականացնելու է մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն տարբեր իրադարձություններին՝ Բաքվի ջարդերին, Քարինտակի հերոսամարտին, Շուշիի ազատագրմանը և Մարաղայի ողբերգությանը: Ամբողջ տարվա ընթացքում, այդ թվում՝ միջազգային տարբեր մեդիահարթակներում տարբեր լեզուներով իրականացվելու են միջոցառումներ՝ միտված ադրբեջանական քարոզչամեքենայի ստի և կեղծիքի բացահայտմանը», - նշեց Մ.Գրիգորյանը:
Նա պատմեց, որ հունվարի 20-ը ադրբեջանցիները համարվում են ողբերգական օր, քանի որ Սովետական բանակը մտավ Ադրբեջան: Այս առիթով վերջիններս մեծ աղմուկ են բարձրացնում, որպեսզի մոռացության մատնեն հայերի նկատմամբ 1990 թվականի հունվարի 13-19 կատարվածը, որը պատմության մեջ հայտնի է որպես հայերի ցեղասպանության շաբաթ:
«Բաքվում մոռանում են այն, որ դեռ ողջ են այդ դժոխային իրադարձության վկաները, որոնք մեկը կամ երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորն են», - ընդգծեց Մ. Գրիգորյանը:
Քանի որ Բաքվի ջարդերի մասին վկայող փաստեր և փաստաթղթեր գրեթե չկան, «Սովորական ցեղասպանություն» նախագիծը նախաձեռնել է «Մեկ դար տևող ցեղասպանություն» ենթանախագիծ, որի շրջանակում հանդիպել է Բաքվի ջարդերից փրկված և ԱՄՆ-ում բնակվող ականատեսների հետ, որոնց զրույցների հիման վրա նկարահանվել է եռալեզու ֆիլմ՝ «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը»:
Մ. Գրիգորյանը նաև ներկայացրեց ականատեսների վկայությունների հիման վրա ստեղծված գիրքը, որտեղ մոտ 50 վկայություն կա: Բացի այդ՝ ներկայացվեց փաստաթուղթ, որը տրված է եղել մի հայ ընտանիքի Բաքվի Ռազմական հրամանատարության կողմից: Փաստաթղթում նշված է, որ այդ ընտանիքին պետք է տարհանել, քանի որ քաղաքում իրենց կյանքի համար սպառնալիքներ կան: