20/01/2017 19:16
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը:
Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր են գնահատել հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:
Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։