23/01/2017 14:04
Եվրոպայում ձերբակալվել են մշակութային արժեքների անօրինական վաճառողներ
Իսպանիայում ոստիկանությունը մշակութային արժեքների մաքսանենգության դեմ պայքարի միջազգային օպերացիայի շրջանակում ձերբակալել է 75 մարդու: Գործողությունն իրականացվել է եվրոպական 18 երկրի տարածքում 2016-ի նոյեմբերին, բայց արդյունքները հայտնի են դարձել միայն այժմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործողությունների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 3 հազար գողացված արտեֆակտ և արվեստի գործ, այդ թվում նաև հնագիտական բազմաթիվ գտածոներ: Հետաքննությանը, որն իրականացրել են Իսպանիայի և Կիպրոսի քննիչները, նաև մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ինտերպոլի մասնագետներ:
Իսպանական իշխանությունների խոսքով, ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, ովքեր հիմնականում զբաղվել են մշակութային արժեքների վերավաճառքով, որոնք գողացվել են այն երկրներից, որտեղ զինված հակամարտություններ են: