09/02/2017 11:48
Պետք է ակտիվացնել լիազորված տնտեսական օպերատորի գործիքը. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Այդ ինստիտուտը նախանցած տարի բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող էր հանդիսանալ: Այն թույլ է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենապաստ պայմաններ , մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր», - ասաց Կ. Կարապետյանը:
Վարչապետը նշեց, չնայած որ այս ուղղությամբ դեռևս 2016 թվականին ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը, սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել:
«Այդ գործիքը պետք է ակտիվացնել: Հաշվի առնելով այս ամենը՝ հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին ֆինանսների ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների հետ համատեղ մեկասմյա ժամկետում վեր հանել ու վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում, օրենսդրական»,- ասաց Կ. Կարապետյանը:
Նա հանձնարարեց երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել:
«Երկու ամսյա ժամկետում ակտիվ իրականացնել հանրության իրազեկում», - շեշտեց վարչապետը: