14/02/2017 13:39
Հայաստանից 40 տոննա մարդասիրական օգնություն ուղարկվեց Սիրիա (Լուսանկարներ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից այսօր 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։
«Սա երկրոդ անգամ է արդեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում եղել է ռուս գործընկերների առաջարկը՝ համատեղել ջանքերն ու միասին օգնություն տրամադրել՝ ՀԱՊԿ այլ երկրների մասնակցությամբ։
«Հայաստանը, արձագանքելով այս առաջարկին, նախաձեռնեց այս մարդասիրական օգնության առաքումը», - նշեց Վ. Սարգսյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ մարդասիրական օգնության մեջ պարենային իրեր են և սննդամթերք։
«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին, որ տրամադրելով բեռնատար օդանավեր՝ հնարավոր է դարձնում այս օգնության առաքումը։ Մենք կարևորում ենք սա, որովհետև Հայաստանը բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնության, աջակցության կարևորությունը», - ընդգծեց Վիգեն Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ՝ բարեկամ Սիրիայի ժողովդրի պարագայում սա առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ մեկ դար առաջ Սիրիայի ժողովուրդն է եղել, որ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի պահին բացել է իր դռներն ու հյուրընկալել հայերին։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ օր առաջ Սիրիայում խաղաղություն կհաստատվի ու մարդիկ կկարողանան վերադառնալ բնականոն կյանքին։
«Բայց, մինչ այդ, մենք մեր ուժերի ներածին չափով շարունակելու ենք օգնել Սիրիայի ժողովրդին», - ասաց նա։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ օգնությունը հավասարաչափ առաքվելու է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
«Օգնությունը 40 տոննա է, որն իջնելու է անմիջապես Սիրիա, Լաթաքիա։ Ես կարծում եմ, որ մարդասիրական օգնությունը ազգություն չի հարցնում ու այս բեռը հավասարաչափ կբաժանվի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ու 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիա։