17/02/2017 18:00
Իրանի ԱԳՆ. Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին
Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին: Այդ մասին Tasnim գործակալությանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ջաբերի Անսարին, որը իրանական պատվիրակությունը գլխավորել է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին և երկրորդ փուլերում, փոխանցում է РИА Новости-ն:
Աստանայում հինգշաբթի և ուրբաթ կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ վերջնական պայմանավորվածությունը:
«Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձևակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբավորումների միջև բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչև մեկ ամսվա ընթացքում», - նշել է գործակալությունը:
Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում է մեկ ամսվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը: