20/02/2017 14:39
Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են. Սերժ Սարգսյան
ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է գալիք երկու-երեք ամիսների անելիքներին։
«Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են», - ասել է նախագահը:
Նա նշել է, թե լիովին համոզված է Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ:
«Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը: Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:
Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն ասել է, թե Հայաստանը՝ որպես պետություն, ունակ է կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են հասարակության, ժողովրդի վստահությունը:
«Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն: Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր», - ասել է Սերժ Սարգսյանը։: