20/02/2017 10:36
Թեհրանը և Փհենյանը հանդես են եկել տնտեսական գործընկերության զարգացման օգտին
Թեհրանը և Փհենյանը հանդես են եկել երկկողմ փոխգործակցությունն ակտիվացնելու օգտին, այդ թվում՝ տնտեսության բնագավառում: Այդ մասին հայտնել է ICANA լրատվական գործակալությունն՝ ամփոփելով Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանիի և այցով Թեհրան ժամանած ԿԺԴՀ-ի Բարձրագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Ցոյ Տհե Բոկի հանդիպման արդյունքները, փոխանցում ТАСС-ը:
«ԿԺԴՀ-ն հանդես է գալիս Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման օգտին», - գործակալությունը մեջբերել է Բոկի խոսքը:
Նա բարձր է գնահատել Թեհրանի ձեռքբերումները երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Երկու երկրների ղեկավարները նաև «դատապարտել են Միացյալ Նահանգների միջամտությունն անկախ պետությունների ներքին գործերին»:
Թեհրանի և Փհենյանի միջև գործում է գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր: Այդ փոխգործակցություն է նախատեսում կենսատեխնոլոգիաների, էներգիայի վերականգնվող աղբյուրների, գյուղատնտեսության և սննդային տեխնոլոգիաների կայուն զարգացման բնագավառում: