27/02/2017 16:48
Մենք իշխանության որևէ քայլին չենք կարող վստահել. Լևոն Զուրաբյան
Լևոն Յոլյանի՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակելու իշխանության առաջարկի հետ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կողմ չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ այսօր հանդիպել են ՎՊ նախագահի թեկնածուն Յոլյանի հետ։
«Քննարկել ենք 2008 թվականից սկսած վերահսկիչ պալատի հաշվետվությունները։ Ես, մասնավորապես, նշել եմ, որ այդ ժամանակ դրանք բավականին անկողմնակալ զեկույցներ էին։ Մինչդեռ այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը եկավ խորհրդարան և սկսեց օգտագործել զեկույցների մեջ նշված չարաժահումների փաստերը, մենք անմիջապես նկատեցինք գնահատականների թուլացում, անմիջապես տեսանք սահմանափակումներ, որ սկսեցին կիրառվել իշխանությունների կողմից՝ Վերահսկիչ պալատի նկատմամբ», - ընդգծեց նա։
Վերջինս ասաց՝ իրենք չեն կարող ակնկալել, որ Վերահսկիչ պալատը կարող է աշխատել նույն համարձակությամբ, ինչ այն ժամանակ։
«Մենք իշխանության որևէ քայլին չենք կարող վստահել։ Մենք իշխանությանը չենք վստահում և սա համակարգային խնդիր է։ Առանձին անձերի հատկանիշները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն», - ընդգծեց նա։