24/03/2017 14:13
ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքն, այլ մոտեցրել ենք այն. Աշոտ Եղիազարյան
Պետք է ընտրենք՝ ուզու՞մ ենք ինքնիշխան պետություն, թե՞ ոչ: ԵՏՄ-ն քաղաքական նախագիծ է ու նշանակում է, որ մենք ինքնիշխան պետություն չենք ունենա, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանը նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նա հիշեցրեց, որ իր ներկայացրած ուժը դնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:
Քննարկմանը ներկա փորձագետներից մեկը հետաքրքրվեց, իսկ կուսակցությունը տնտեսականից բացի քննարկե՞լ են ԵՏՄ-ից դուրս գալու քաղաքական հետևանքներն, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում:
«Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, տեղի ունեցան հենց ԵՏՄ անդամ լինելու պարագայում: ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքն, այլ հակառակը՝ մոտեցրել ենք այն: Վերահսկելով Հայաստանը` հնարավոր է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական շահերը զիջել», - ասաց Աշոտ Եղիազարյանը: