27/03/2017 12:04
Անփոխարինելի մարդիկ ու համակարգեր չեն լինում. Օհանյանը մեկնաբանել է նախագահի հայտարարությունը
«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել են Սերժ Սարգսյանի հայատարարությունն այն մասին, թե Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը կարող են ապահովել միայն ինքն ու ՀՀԿ-ն:
«Նրանց թվում է, թե միայն իրենք են ճիշտ, դրա արդյունքում երկիրը գտնվում է այս վիճակում», - ասաց «ՕՐՕ» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«ՀՀ-ում իշխանության եկած ցանկացած ուժ անվտանգություն կարող է ապահովել, հայկական բանակը կայացած կառույց է, ինչի համար ես շատ հպարտ եմ, ոչ ոք չի կարող ասել, որ ինքն է ձևավորել այն, զրոյից դրել, մենք բոլորս մեր դերակատարությունն ունենք, ես ինքս հպարտ եմ, որ եղել եմ բանակի ղեկին, շատ բաներ եմ արել, հատկապես, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով», - նշեց նա։
Նրա խոսքով՝ անփոխարինելի մարդիկ ու համակարգեր չեն լինում։
«Պետք է հին համակարգը ժողովրդավարության պայմաներ ստեղծի, ինչը մենք այսօր տեսնում ենք, որ չի իրականացվում, մենք չափից ավելի քաղաքականացնում ենք մեր երկիրը», - ասաց Սեյրան Օհանյանը։
Հարցին անդրադարձավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն արտացոլում է տղայական «առոգանս» («arrogance» անգլ. թրգմ.՝ գոռոզամտություն՝ Aysor.am)։
«Սա եսասիրություն է՝ ի հաշվիվ ժողովրդի, որ մեր քաղաքացին չի կարող ինքն իր համար ապահովել ապագա, այս կեղծ ինքնավստահությունն է, որ բերում է մեր արտաքին դիրքերի խարխլմանը», - նշեց նա։