28/03/2017 13:18
«Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ տեղեկատվությունը նվազագույն առնչություն չունի իրականության հետ. Իվետա Տոնոյան
«Հրապարակ» թերթի այն տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ծառուկյան դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ՝ բացարձակ սուտ է և անգամ նվազագույն առնչություն չունի իրականության հետ, Facebook-յան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն այն է, որ իսկապես օրեցօր Ծառուկյան դաշինքի վարկանիշը շարունակական աճ է արձանագրում: Իսկ մնացյալ տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է: Վստահ եմ, որ ինչպես Ծառուկյան դաշինքի, այնպես էլ ընտրապայքարին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք տեր են կանգնելու իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին և թույլ չեն տալու որևէ ընտրական մանևրում: Եվս մեկ անգամ նմանատիպ ստահոդ ինֆորմացիոն հոսքերի հեղինակներին կոչ ենք անում զսպել չեղած երևույթները իրականի տեղ սղացնելու անհագուրդ ցանկությունը և առաջնորդվել մասնագիտական ու մարդկային սկզբունքներով, եթե այդպիսիք իհարկե դեռ կան:
Պարոն Ծառուկյանի կողմից մշտապես բարձրացայնված՝ լրատվամիջոցների կողմից մարդկանց շարունակաբար թյուրիմացության մեջ գցելու ծանոթ գործելաոճը ի վերջո պետք է դադարեցվի, քանի որ այս ամենն արվում է մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև նմանատիպ հրապարակումների հեղինակների համար», - նշել է նա։