10/04/2017 10:34
Դավթաշենում կտրված ծառերի հարցով վարչական շրջանի ղեկավարը կդիմի դատախազություն
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավթաշենում երկու տասնյակից ավելի ծառերի հատման թեմային, նշելով, թե տեղի ունեցածը ապօրինություն է։
«ՖԲ-ում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։ Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։ Ծառերը հատվել են գիշերը։ Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն», - գրել է Ռուսլան Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ։
Նախօրեին, հիշեցնենք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես են Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում կտրել հաստաբուն ծառերը։