10/04/2017 15:41
Դավթաշենում ծառեր կտրողը ո՛չ թաղապետարան է դիմել, ո՛չ էլ՝ քաղաքապետարան. ո՞վ այդպիսի բան թույլ կտար. Վարչական շրջանի ղեկավար
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը Դավթաշենի 1-ին թաղամասում նախօրեին հատված ծառերի դեպքի վերաբերյալ արձանագրություն է կազմել և ուղարկել ոստիկանություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավարն ասաց, որ ծառերը հատողն արդեն հայտնաբերվել է, խոստովանել է մեղքը։
«Ինչպես և նշվում էր, ծառերը հատել է «Դելֆին» լողավազանի սեփականատեր Ալիկ Սամսոնյանն է։ Ինքն է խոստովանել իր արարքը։ Ինձ զեկուցեցին, որ արձանագրության մեջ գրել և ստորագրել է, որ ծառերը կտրել է ինքը», - տեղեկացրեց Ռուսլան Բաղդասարյանը։
Վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ ինքն իրեն օրենքով վերապահված գործառույթներն ամբողջությամբ կատարել է. «Մնում է հետևողական լինել, որպեսզի գործընթացը շարունակվի իրավական տեսանկյունից և տվյալ հանցագործություն կատարողն օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»։
Ռուսլան Բաղդասարյանը նշեց, որ լողավազանի սեփականատերը ոչ քաղաքապետարան, ոչ էլ թաղապետարան չի դիմել մինչ ծառերը կտրելը. «Ոչ մեկին չի դիմել, ո՞վ այդպիսի բան թույլ կտար»։
Ինչ վերաբերում է լողավազանի աշխատակցուհու պատճառաբանությանը, թե «ձյան և քամիների պատճառով ծառերը ճղակոտոր էին լինում, դրա համար էլ ծառերը կտրվում են», Ռուսլան Բաղդասարյանն արձագանքեց. «Դա ոչ մի պատճառաբանություն չի, որպեսզի կարողանան նման հանցագործություն իրականացնել»։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ասաց նաև, որ այցելել է դեպի վայր և պատրաստվում է հանդիպել լողավազանի տիրոջը։
Ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը «Դելֆին» լողավազանի դիմաց երկու տասնյակից ավելի հաստաբուն ծառեր էին հատվել։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել էր խնդրինч նշելով, որ պատրաստվում է դիմել դատախազություն։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս, անդրադառնալով ծառահատման դեպքին, նշել էր, որ ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին:
Իսկ «Դելֆին» լողավազանի աշխատակցուհին նշել էր, որ մաքրման նպատակով են ծառերը կտրվել։