10/04/2017 12:22
Եթե խաշ դնեինք, էսքան մարդ չէր հավաքվի. «Դելֆին»-ի աշխատակիցը Դավթաշենում ծառերի հատման մասին
Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում գտնվող «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերի հատումը, ըստ լողավազանի աշխատակցի, մաքրման աշխատանքներ են եղել։
Aysor.am-ի հետ զրույցում լողավազանի աշխատակից Կարինե Մելքոնյանը նախ դժգոհեց, որ լրագրողները շատ են հետաքրքրվում ծառերի հատման թեմայով, ապա ավելացրեց. «Եթե խաշ դնեինք, էսքան մարդ չէր հավաքվի։ Էստեղ էնքան մարդ ա հավաքվել տարբեր հեռուստաընկերություններից, որ էլ արդեն չգիտեմ՝ ինչ խոսեմ»։
Ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը «Դելֆին» լողավազանի դիմաց երկու տասնյակից ավելի հաստաբուն ծառեր էին հատվել։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել էր խնդրին, նշելով, որ պատրաստվում է դիմել դատախազություն։
«Այն, ինչ կատարվել է լողավազի դիմաց, մաքրման աշխատանքներ են եղել։ Ձյան ու քամիների պատճառով ծառերը ճղակոտոր են լինում, երեխաները մի քանի անգամ տակից փախել են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց լողավազանի աշխատակիցը։
Դիտարկմանը, թե հաստաբուն ծառերի հատումը մաքրման աշխատանքնե՞ր են, վերջինս արձագանքեց. «Ես ինքս դա մաքրման աշխատանքներ եմ համարում, մնացած գնահատականները կարող են մասնագետները տալ»։
Նշենք նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ գործն ընթացքի մեջ է, մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։