18/04/2017 14:28
Փոխվում են գրքերի կրիչները, բայց ոչ՝ կարդալու անհրաժեշտությունն ու ցանկությունը. Գրական զրույց՝ Լենա Նազարյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական, հասարակական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Aysor.am-ի հարցերին պատասխանել է «Ելք» դաշինքի անդամ, նորընտիր պատգամավոր Լենա Նազարյանը:
- Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
- Հրանտ Մաթևոսյանի, Լևոն Խեչոյանի և Սերգեյ Դովլաթովի բոլոր պատմվածքների ժողովածուները:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
- 2015թ.-ի Գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչի «Second-hand-ի ժամանակը» գիրքը: Մեր ծնողների ու նրանց ծնողների կյանքի պատմություններ են: Թվում է, թե շատ խառը գիրք է, բայց իրականում ճշմարտությունը չի կարող տեղավորվել մի հոգու մեջ, գլխում, սրտում. այն փշրված է բեկորների ու սփռված ամբողջ աշխարհով, այդ իսկ պատճառով բազմաձայն ու հակասական է: Կարծում եմ՝ մտածելակերպի ու վարքի փոփոխությունը կարող է տեղի ունենալ հիմնականում սեփական փորձի վերլուծության արդյունքում: Լավ ֆիլմերն ու գրքերը վերապրում են առաջացնում, եթե կա պատմության նմանատիպ փորձ, երբ չկա փորձը, գրքերն անտարբեր են թողնում:
- Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են ըստ Ձեզ հետաքրքիր:
- Վաղուց արկածային գրականություն չեմ կարդում:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Իսկ դրանից առաջ էլ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ և սև» գիրքը, որը պատրաստվում եմ վերընթերցել, քանի որ չափազանց կարևոր դրվագներ ու փաստեր են արձանագրված այդ գրքում Հայաստանի երրորդ հանրապետության անկախացման և արցախյան պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և կարիք կա նորից ուշադրությամբ անդրադառնալու այդ պատմություններին:
- Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:
- Գրապահարանում՝ գեղարվեստական գրքերն են: Գրասեղանիս կամ համակարգչիս էկրանին՝ ավելի շատ քաղաքական, տնտեսական վերլուծություններ, հոդվածներ, զեկույցներ, վիճակագրություն:
- Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
- Էլեկտրոնային գրքով սիրում եմ ճամփորդել. այդպես պայուսակումս կարող եմ հարյուրավոր գրքեր ունենալ: Տպագիր գիրք գնում եմ, եթե ուզում եմ, գիրքը գնելով, աջակցել ժամանակակից հեղինակին կամ թարգմանչին:
- Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեքը:
- Փոխվում են գրքերի կրիչները, բայց ոչ՝ կարդալու անհրաժեշտությունն ու ցանկությունը: Համենայն դեպս՝ ինձ համար:
- Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- Ստրուգացկի եղբայրների «Դժվար է Աստված լինել» վիպակում կա մի դրվագ, երբ հերոսն ասում է, որ «եթե ամեն ինչ Աստված անի, մենք չենք ունենա մեր պատմությունը»:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք երիտասարդությանը:
- Քանի որ երիտասարդներին հետաքրքրող թեմաներից են կրթությունը և աշխատանքը, խորհուրդ կտայի կարդալ ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գորցի «Աննյութականը. գիտելիք, արժեք» ( Андре Горц «Нематериальное. Знание, стоимость и капитал») գիրքը, որը պոստմոդեռն ժամանակի աշխատանքային հարաբերությունների, ձևերի և խնդիրների բացահայտումների մասին է և ավստրիացի փիլիսոփա Իվան Իլլիչի «Ազատագրվելով դպրոցներից» (Иван Иллич «Освобождение от школ») գիրքը, որը հաստատությունների իշխանության մասին է, որոնք, ըստ հեղինակի, ստեղծում են սոցիալական ճգնաժամեր կրթության և աշխատանքի ոլորտում:
- Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:
- Գիրք կարդալը նման է ճամփորդության, իսկ ճամփորդությունը մարդուն դարձնում է լայնախոհ: