26/04/2017 16:48
Նոր երևույթ է ի հայտ գալիս՝ դիմումաստեղծ ինդուստրիա. Մուկուչյանը խնդրում է մերժել Կոնգրես-ՀԺԿ դիմումը
Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ պատասխանող կողմը խնդրեց ՍԴ-ին մերժել այն։
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված դիմումն ամբողջությամբ: Խնդրում եմ դիմումը համարել ակնհայտ անհիմն և մերժել», - իր ելույթում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով դիմում բողոքների քանակին՝ Տ.Մուկուչյանը նշեց, որ քվեարկության օրվանից հետո 38 տարածքային ընտրական հանձնաժողովից 37-ում ստացվել է ընդհանուր առմամբ 324 դիմում-բողոք, որոնք ստացվել են բացառապես դիտորդական առաքելություն իրականացող երեք ՀԿ-ի և դրանց կողմից հավատարմագրված դիտորդների կողմից:
«Տարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել են դիմումներ: Մշակված է եղել միասնական ձևաթուղթ, որի վրա ընդամենը փոփոխվել են որոշակի հանգամանքներ: Մի նոր երևույթ է ի հայտ գալիս՝ դիմումաստեղծ ինդուստրիա», - ընդգծեց ԿԸՀ նախագահը:
Տ.Մուկուչյանի խոսքով՝ շատ են եղել նաև դեպքերը, երբ նույն դիմումը ներկայացված է եղել տարբեր անձանց կողմից: