11/05/2017 14:18
Ադրբեջանը մեկ ճանապարհ ունի՝ բանակցություններ և խաղաղ լուծում. Արտակ Զաքարյան
5-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվող բավականին հետաքրքիր ու արդյունավետ նախաձեռնություններ են։
«Մենք կարիք ենք ունենալու լայն հանրային քննարկումների, անձամբ ես տարբեր քննարկումներում և մասնագիտական առումով, և նաև գրավչության տեսակետից զգում եմ, որ բավականին հետաքրքրություն կա և՛ «Պատիվ ունեմ», և՛ «Ես եմ» ծրագրերի առաջարկների նկատմամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն իրավական առումով ամրագրելու անհրաժեշտություն կլինի, բայց, մինչև իրավական առումը, պետք է բոլոր դետալներն ու մեխանիզմները հստակեցվեն, որպեսզի գաղափարը երկարաժամկետի համար լինի կիրառելի ու արդյունավետ ինչպես քաղաքացու, այնպես էլ՝ Հայաստանի պաշտպանական համակարգի համար։
«Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք միայն հնարավորություն չունենանք մեխանիկական առումով օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունը ֆիքսել որպես միակ տարբերակ։ Պահպանելով պարտադիր զինվորական ծառայությունը՝ մենք սրանով հնարավորություն պետք է տանք քաղաքացիներին նաև սեփական ընտրությունը կատարել ծառայության ձևերի ու ծառայության մեխանիզմների միջև», - ընդգծեց Ա. Զաքարյանը։
Անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի ակտիվությանը, մասնավորապես, որ այսօր Թալիշի ուղղությամբ նկատվել է տանկերի տեղաշարժ, Արտակ Զաքարյանն ասաց, որ հակառակորդը տարբեր ժամանակահատվածներում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, անընդհատ տարբեր աստիճանի լարվածության է հասցնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը և, որոշ իրավիճակներում, նաև՝ հայ-ադրբեջանական սահմանագիծը։
«Դա տարբեր իրավիճակներով է պայմանավորված, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ իր ներսում տեղի ունեցող իրադարձություններով։ Մենք մի շատ կարևոր խնդիր ունենք, որը բավականին բարձր մակարդակով լուծում է՝ անընդհատ ճնշման տակ պահել ադրբեջանական բոլոր խախտումները, անընդհատ տոտալ վերահսկողության տակ պահել հակառակորդի բոլոր գործողությունները, շարժը և հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը և, իհարկե, հակառակորդին պահել այն համոզման մեջ, որ ռազմական ճանապարհով լուծում լինել չի կարող, և Ադրբեջանը, ուզում է դա, թե չի ուզում, մեկ ճանապարհ ունի՝ բանակցություններ և խաղաղ լուծում», - ընդգծեց Ա. Զաքարյանը։