23/05/2017 16:36
Մանչեսթերում ձերբակալել են ահաբեկչությանը մեղսակցության համար կասկածվողին
Մանչեսթերի ոստիկանությունը հավաստել է մեկ կասկածյալի ձերբակալումը մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն:
« «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք կարող ենք հավաստել Հարավային Մանչեսթերում 23-ամյա տղամարդու ձերբակալումը», - ասված է հայտարարության մեջ:
Ոստիկանությունում հավելել են, որ Arndale առևտրական կենտրոնում տեղի ունեցած միջադեպը, որտեղ նույնպես ձերբակալվել Է մի տղամարդ, կապված չէ ահաբեկչական գործողության հետ:
Ավելի վաղ Manchester Evening News թերթը հայտնել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի քանի մարդու: Հրատարակության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Չոռլթոնի և Էշթոնի շրջաններում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են մահապարտի ինքնությունը: Հետաքննության շահերից ելնելով նրա անունը չի հայտնվում: