23/05/2017 12:32
Պատերազմի վտանգը բավականին մեծ է, Ադրբեջանը, սակայն, չունի այն սկսելու հնարավորություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ վերսկսել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով` արդբեջանական զինված ուժերում լուրջ խնդիրներ կան:
«Սպաներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվում են հայկական կողմին տեղեկություններ տալու մեջ: Այդ սպաները տարօրինակ հանգամանքներում սպանվում են: Նման զինված ուժերով, նման պռոբլեմներ կուտակած բանակով Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ վերսկսել, որքան էլ դա նրանց հետաքրքրությունների շրջանակում լինի, որքան էլ Ալիևին դա պետք լինի ապրիլյան ձախողումներն ու կորուստնեը վերականգնելու համար», - ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, սակայն, պատերազմի վտանգը բավականին մեծ է:
«Ադրբեջանը շատ լուրջ պատճառ ունի պատերազմ սկսելու` թեկուզ ապրիլի կորուստները վերականգնելու համար: Ադրբեջանին պետք է իրավիճակային փոփոխություն, որը դիվանագիտական ճանապարհով անհնար է, իսկ ռազմական ճանապարհով` հնարավոր», - ասաց նա` շեշտելով, որ Ադրբեջանը, սակայն, չունի պատերազմ սկսելու հնարավորություն:
«Պատերազմը չի սկսվում բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանի ցանկությունները իրենց հնարավորություններին չեն համապատասխանում», - ընդդգծեց Հ. Մելիք-Շահնազայանը:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանն, ապա քաղաքագետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է արվում:
«2015 թվականի հունվարին էլ կոչ արվեց ադրբեջանական կողմին հետևողական լինել: Մենք պիտի նմանատիպ հայտարարությունները կողք-կողքի դնենք ու ներկայացնենք որպես օրինաչափություն», - ընդգծեց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայել է իր դիրքորոշումները ու պետք է որոշ չափով խրախուսել, որ հետևողական զարգացում լինի:
«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ հասնենք նրան, որպեսզի Մինսկի խմբի համանախագահները կարողանան համոզել իրենց երկրների ղեկավարներին օգտագործել ողջ ազդեցությունն Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականությունից ետ պահելու համար ու իրականում հարցը խաղաղ ճանապարհով որոշակի լուծումներ առաջարկել», - նշեց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը չի ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ հայկական կողմն էլ որևէ տարածքային զիջումներ չի կարող անել Ադրբեջանին:
«Որքան էլ հիմա թե մենք, թե իրենք պաշտոնապես հայտարարենք, որ պատրաստ ենք որոշակի տարածքային զիջումների գնալ ու ստանալ անկախություն, իսկ Ադբեջանն էլ՝ այլ մոտեցումներ է ներկայացնում, իրականում, դրանք կյանքի կոչելու մեխանիզմներ չկան», - ասաց նա: