06/06/2017 13:24
Լարված իրավիճակ՝ «Ֆիրդուսիում». Առևտրականները հրաժարվում են լքել տոնավաճառը (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին անդրադարձել էր Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականների հետագա գործնեությանը՝ նշելով, թե առաջիկայում այդտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվելու, հետևաբար, տոնավաճառի առևտրականներին պետք է տեղափոխել մայրաքաղաքում գործող այլ տոնավաճառներ ու շուկաներ։
«Ֆիրդուսիի» առևտրականները, սակայն, հրաժարվում են առաջարկվող պայմաններից։
«Վարկերի տակ ենք, ապրանքը բերել, լցրել ենք, սեզոնային ապրանք ա, ո՞նց իրացնենք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին առևտրականները։
Վերջիններս նշում են նաև, թե չեն պատրաստվում այլ առևտրի կենտրոններ տեղափոխվել, քանի որ նման տեղերում արդեն եղել են, և դարձյալ հետ են եկել «Ֆիրդուսի»։
«Շարժ չկա, հաճախորդ չկա, գնանք ի՞նչ անենք։ Ստեղ գոնե մեր հաճախորդներն ունենք, ապրանքը էժան է, շատ թե քիչ առևտուր կա։ Բացի դա էլ, ամբողջ ձմեռ սառնամանիքին կանգնել ենք, որ գոնե էս սեզոնին առևտուր լինի, էդ էլ տեղից հանում են։ Ո՞վ է բերելու մեր վարկերը փակի», - ասացին առևտրականները։
Մինչ վերջիններս դժգոհում էին առաջարկվող պայմաններից և ասում, թե դուրս կգան բողոքի՝ խնդրելով գոնե մինչև տարեվերջ իրենց ժամանակ տրամադրեն, որ կարողանան առկա ապրանքն իրացնել, «Ֆիրդուսի» տոնավաճառ եկավ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Նա ասաց, թե մեկ շաբաթ պայմանական ժամանակ են տրամադրում, որպեսզի գույքագրում անեն և պատրաստվեն տեղափոխվելուն։
«Մայրաքաղաքում բազմաթիվ այլ շուկաներ կան, ես որևէ մեկի անունը չեմ տալիս, որտեղ ուզում եք, այնտեղ էլ գնացեք, պայմանները մենք արդեն առաջարկել ենք, մի քանի ամիս տարածքի վարձ չեք մուծի», - առևտրականներին ասաց Դավիթ Օհանյանը։
Առևտրականները համաձայն չէին Դավիթ Օհանյանի առաջարկած պայմանների հետ։