16/06/2017 16:19
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեղյակ չեն՝ երբ է նա փոխանցվելու Հայաստանին
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի տեղափոխման վերաբերյալ դատական նիստը:
«Русарминфо»-ն տեղեկություն է տարածել, որ Հրաչյա Հարությունյանը հավանաբար մյուս շաբաթվա մեջ կարտահանձնվի Հայաստան:
Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ այս պահի դրությամբ Հարությունյանի փոխանցման մասին որևէ տեղեկություն չկա:
Հստակ տեղեկատվության չէր տիրապետում նաև Հրաչյա Հարությունյանի հարզատաներից Վիկտոր Մարտիրոսյանը: Վերջինը Aysor.am-ին ասաց, որ այսօր պետք է տեղի ունենար Հարությունյանի տեղափոխման վերաբերյալ դատական նիստը, որի մանրամասների և արդյունքների մասին տեղեկացված չեն:
«Ռուսական լրատվամիջոցը գիտեմ, որ գրել է հաջորդ շաբաթ կտեղափոխվի Հայաստան, բայց ես դրա մասին տեղյակ չեմ: Մենք չենք կապվել Հրաչյայի հետ: Բայց մի բան կա, որ շուխուր ա ընկել», - նկատեց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: