21/06/2017 15:24
Սամվել Բաբայանը դեռ չի հայտարարում՝ արդյոք նոր, «փողերի լվացման» ծանր մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի
«Իգլա»-ի գործի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել այլ, ավելի ծանր մեղադրանքով:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը տեղեկացրեց, որ «Իգլա»-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում զենքի մաքսանենգության մեղադրանքը հանվել է, և այժմ Բաբայանը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու դրդչության և փողերի լվացման համար (Քրեական օրենսգրքի՝ 190-րդ հոդվածի 1-ին մաս՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): Այս գործով սա նոր մեղադրանք է:
«Փողերի լվացման հոդվածը ռազմամթերքի հետ ընդհանրապես կապ չունեցող բան է, որը պաշտպանական կողմի համոզմամբ, նույնպես հերթական անհիմն մեղադրանք է», - ասաց փաստաբանը:
Հարցին, թե եթե ռազմամթերքի հետ կապ չունի փողերի լվացման մեղադրանքը, ապա որտեղի՞ց է ի հայտ եկել այն, Քալաշյանը պատասխանեց. «Դա, ճիշտն ասած մեզ արդեն չի հետաքրքրում, կարևորը հիմնավորվել է, որ նա կապ չունի մաքսանենգության հետ»:
Մեր մյուս հարցին, թե արդյոք անակնկալ էր փողերի լվացման մեղադրանքը, Քալաշյանը պատասխանեց. «Այդքան էլ չէ»:
Փաստաբանը նոր մեղադրանքի առաջադրման հիմքերի մասին հրաժարվեց մանրամասներ հայտնել:
Նաև հետաքրքրվեցինք, թե նա շարունակո՞ւմ է պնդել, որ նոր մեղադրանքի առաջադրման մեջ ևս քաղաքական ենթատեքստ չկա, ինչին ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Ես միշտ այս հարցը համաձայնեցնում եմ պարոն Բաբայանի հետ, ու ինքը ասում է՝ եթե նման հայտարարություն անելու անհրաժեշտություն լինի, ես ինքս կանեմ»:
Ավետիս Քալաշյանն ասաց, որ այսօր վերցնելու է գործի նյութերը՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ավելի վաղ Aysor.am-ը խոսել էր այս գործով մեղադրյալ, Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանի հետ և վերջինը ներկայացրել էր «Իգլա»-ի վերաբերյալ քրեական գործի մանրամասները: