20/06/2017 13:38
Սանասար Գաբրիելյանը մասնակի ընդունել է մեղքը, իսկ Սամվել Բաբայանը եղել է նրա խորհրդատուն. մանրամասներ՝ «Իգլա»-ի աղմկահարույց գործից
«Իգլա»-ի գործով, որի շրջանակներում մեղադրյալներ են ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նյութերը շուտով կուղարկվեն կողմերին՝ դրանց ծանոթանալու համար: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացությունը կհաստատի, ինչից հետո կուղարկվի դատարան:
Սակայն մինչ այդ, այս քրեական գործով էական փոփոխություններ են կատարվել բոլոր երեք մեղադրյալների համար. նրանց մեղադրանքը մեղմացվել է: Նախ ինչպես Aysor.am-ին տեղեկացրեց Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը, մասնավորապես, մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Եվ այժմ նրանք մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
«Սա նշանակում է, որ մեր նախկին հայտարարությունները ճիշտ էին. այն հանգամանքը, որ, իբր, Վրաստանի Հանրապետությունից կամ այլ երկրից է բերվել զենքը, չի հիմնավորվել և այդ իսկ պատճառով նրանք հրաժարվեցին մեղադրանքից: Այժմ նրանք մեղադրվում են այն բանի համար, որ, իբր, «Իգլան» Հայաստանում են ձեռք բերել, պահել», - ասաց Կարապետ Աղաջանյանը:
«Իգլա»-ն, ի դեպ, ըստ փաստաբանի, փորձաքննության եզրակացության համաձայն, համարվել է ռազմամթերք, սակայն ամբողջական չի եղել, որոշ մասեր դրա վրայից բացակայել են, հետևաբար կրակելու համար՝ ոչ պիտանի է:
Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը, նոր մեղադրանքն ընդունել է մասնակի:
«Իմ պաշտպանյալը որոշակի կարծիք հայտնեց, ասաց, որ մասնակի ընդունում է մեղադրանքը, բայց դա ոչ թե վերաբերում է, որ ինքը ձեռք է բերել ինչ-որ դիտավորության համար, այլ ասաց, որ ինքը բանակի համար զենք ձեռք բերելու մտադրություն է ունեցել ու հիմա էլ ունի նման մտադրություն և ասաց, որ ընդունում է այն փաստը, որ կապվել եմ անլուրջ անձանց հետ ու դրա համար ինքն իրեն մեղավոր է ճանաչում: Բայց ասել է, որ վերջին պահին հրաժարվել է այդ զենքը գնել, որովհետև այն թերի զենք է եղել ու բանակին ոչ պիտանի», - իր պաշտպանյալի դիրքորոշումը ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ ի սկզբանե Գաբրիելյանը նման ցուցմունք է տվել:
Աղաջանյանն ասաց, որ Գաբրիելյանը, որը ռուսաստանյան հայ բիզնեսմեն է, իր ցուցմունքներում նաև ասել է, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին, գումար ու ցանկություն ունեցել զենք տրամադրել բանակին: Սակայն զենքը ձեռք բերելու համար կապվել է ոչ վստահելի մարդկանց հետ, ովքեր, ըստ փաստաբանի, վստահեցրել են, թե զենքը դրսից են բերել, օրինական ճանապարհով, սակայն տեսել է, որ այն ամբողջական չէ ու պիտանի չէ իրական նպատակին ծառայելու համար, հրաժարվել է դրանից: Այդ անձը, ըստ քրեական գործի, մյուս մեղադրյալ Արմեն Պողոսյանն է:
Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի մասով «արդարացման գնալու տեղ կա», և եթե նա որոշեց այդպես անել, դատարանից կպահանջեն արդարացում:
Մեր հարցին, թե այս դեպքում ո՞րն է Սամվել Բաբայանի մասնակցությունը, փաստաբանը պատասխանեց. «Սամվել Բաբայանին՝ որպես իր մարտական ընկեր, նա խորհուրդ է հարցրել, ասել է՝ սենց մի զենք կա, ուզում եմ ասես՝ ինքն իրանից ինչ ա ներկայացնում, արժե՞ սրան մոտենալ, թե չէ: Բաբայանն էլ ասել է, որ դա իրենից ոչինչ չի ներկայացնում: Սանասար Գաբրիելյանն ի սկզբանե ասել է, որ այս ամենի հետ Սամվել Բաբայանը կապ չունի, ուղղակի Սամվել Բաբայանն է ընդունել կապը այն առումով, որ իրեն բերել ցույց են տվել»:
Ինչ վերաբերում է այս գործով դատական քննությանը, փաստաբանն ասաց, որ այն հավանաբար կանցկացվի Երևանից դուրս, քանի որ զենքը հայտնաբերվել է մայրաքաղաքից դուրս: