07/07/2017 10:55
Ասում ենք՝ «լավ ամառը կգա, կանենք», բայց թարսի պես այդ ամառն էլ չի բավականացնում. Ռուզաննա Մուրադյանը՝ արձակուրդների մասին
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի համար կատարյալ հանգիստը ծովափնյա հագիստն է: Հանգստի ժամանակ պատգամավորն աշխատում է հնարավորինս հեռու մնալ լրահոսից ու նոր անելիքների մասին մտածել, ժամանակ է տրամադրում նաև տնային գործերին, մինչդեռ ինչպես ինքն է նշում՝,ավանդական համարվող ամառային «զակատի» գործընթացին չի մասնակցում:
Ռուզաննա Մուրադյանը Aysor.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է կազմակեպում ամառային արձակուրդները:
- Նշեք 3 իր, որ ձեզ հետ տանում եք հանգստի:
- Գիրք, այփադ, որ ինտերնետից օգտվելու հնարավորություն ունենամ, և հոգուս խորքում հույս եմ փայփայում, որ լողազգեսն ինձ պետք է գալու, որովհետև այլ կերպ հանգիստը չեմ պատկերացնում: Սիրում եմ ջուրը:
- Ի՞նչ գիրք եք պլանավորում կարդալ այս ամառ:
- Այս պահին ձեռքիս տակ որոշ դասականներ են: Որոշել եմ Հյուգոյի «Թշվառները» վերընթերցել: Նույն գրքերը վերընթեցելով՝ տարբեր տարիքում տարբեր ընկալումներ ես ունենում և քեզ համար բացահայտումներ անում:
- Եթե ձեզ հետ վերցնում եք այփադը, գուցե չստացվի լրահոսից հեռու մնալ:
- Աշխատում եմ հեռու մնալ, բայց չի ստացվում: Փորձում եմ ինձ համոզել, որ ֆիլմերի համար օգտագործեմ, տեղեկատվական դաշտից դուրս գամ: Ասում են՝ «ժանանակ առ ժամանակ մաքրիր ուղեղդ»: Սա լավ ասույթ է, և դրա համար լավագույն միջոցը հանգիստն է:
- Իր, որը ձեզ հետ բերում եք այցելած երկրից:
- Անպայման մագնիսներ եմ բերում սառնարանի վրա փակցնելու համար: Դա միշտ պետք է հիշեցնի, թե որտեղ եմ եղել: Թոռնիկներիս դրանով եմ պատմում ճանապարհորդություններիս մասին: Նաև պարտադիր շարֆիկներ եմ բերում թե՛ ինձ, թե՛ ընկերներիս համար:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Ծովափ, բայց ոչ այնպիսի, որտեղ միայն մեռյալ բնություն լինի: Պետք է մարդկային աշխուժությունն էլ ծովափի հետ զուգակցվի, որովհետև շատ շուտ հոգնում եմ բնության լռությունից: Մարդկային շփումն ու աշխուժությունն էլ պիտի հանգստի մաս կազմի:
- Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Սուրճ Փարիզում: Ճիշտն ասած, վախեցա Անգլիայի անունը տալ, վերջերս ահաբեկչական գործողություններն այնտեղ շատ են, բայց ես թեյ շատ եմ սիրում (ծիծաղում է, հեղ.):
- Մոխիտո՞, թե՞ Արյունոտ Մերի:
- Իմ պատրաստած բանանով, ելակով և սառույցով կոկտեյլը, որ ես ու իմ երեխաները շատ սիրում ենք: Մեծ թոռնիկս՝ Նարեկն է սիրում այդ կոկտեյլը պատրաստել և մեզ հյուրասիրել:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Առաջինը Արցախ: Սա չեմ ասում ավելի հայրենասեր երևալու համար, բայց իրականում Արցախը ուրիշ ձևով է բոլորին ձգում, բայց զուգահեռ Եվրոպան չի խանգարի: Ժամանակ առ ժամանակ դրա կարիքն ես զգում:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև..
- Ինձ համար հնարավորություն է տարվա ընթացքում չարած բոլոր բաները հավաքել ու հուսալ, որ կհասցնեմ անել, և՛ գրքեր կարդալ, և ՛թոռնիկներիս հետ ճանապարհորդել, և՛ տանը որոշ գործեր անել, ընտանիքիս համար համեղ բաներ պատրաստել: Միշտ, որ ինչ-որ բան են ասում, ասում եմ՝ «լավ ամառը կգա, կանենք», բայց թարսի պես այդ ամառն էլ չի բավականացնում: Կոլեգաներս փաստում են, որ բորշ եմ լավ պատրաստում: Մի անգամ Շուշանը (Շուշան Պետրոսյան, հեղ.) կերել է իմ պատրաստած բորշը, եկել պատմել է դրա մասին, և բոլորը սպասում են իմ պատրաստած բորշին, որի ժամանակը դեռ չեմ ունեցել: Ասել եմ ամառը, իսկ ամառը դեռ չի եկել, դեռ աշխատանքի մեջ ենք (ծիծաղում է, հեղ.): Նաև սիրում եմ ամառը, որովհետև ծնունդս է ամռանը:
- Իսկ պահածոներ չե՞ք անում:
- Բացարձակ, կատեգորիկ դեմ եմ դրան, հատկապես, որ որոշ թունավորման դեպքեր արձանագրվեցին: Հիմա ունենք շատ լավ գործարաններ: Սովետական տարիներին էինք անում, հիմա ժամանակ էլ չունենք, բայց գաղափարն ուղղակի չեմ ողջունում, թե չէ ժամանակ կգտնեի: Ավելի նախընտրում եմ սառնարանում մթերքը սառեցնել և չրեր պատրաստել: Այն, ինչն անվնաս է:
- Որքա՞ն օր է պետք իդեալական հանգստի համար:
- Օրերը բավարար չեն, որովհետև այդ օրերը սկզբից թվում են, քանի որ առջևում են, հետո հասկանում ես, որ շատ քիչ էին: Եթե գոնե 10 օրով հարմարեցնում ենք գնալ, համարում ենք ձեռքբերում:
- Այս տարի քանի՞ օրով եք գնալու հանգստի:
- Երևի 7 օրով: Այս տարի ինձ հետ հանգստի կգան աղջիկներս: Նրանք ամուսնացած են, բայց հանգստի նման ձև են որոշել՝ երեխաներին թողնելու են տատիկների մոտ, իսկ մենք՝ ես,ամուսինս ու երկու աղջիկներս մեր փոքր ընտանիքով որոշել ենք գնալ հանգստի:
- Որտե՞ղ:
- Երևի թե, Բուլղարիայում:
- Թրամփն ասում էր. «եթե սիրում ես աշխատանքդ, հանգստի կարիք չունես», ի՞նչ եք կարծում այս մասին:
- Մենք աշխատանքի մեջ ենք նաև արձակուրդի ժամանակ, որովհետև այն, ինչ անում ես արձակուրդի ընթացքում էներգիայի պահպանման օրենքի համաձայն՝ վերադառնում է քո աշխատանք: Փորձում ես քեզ հանգստացնել, որպեսզի ավելի արդյունավետ հետո աշխատես, մտածում ես նոր պրոեկտների մասին: Առանց աշխատանքի որևէ մի օր չես կարող ապրել: