15/07/2017 11:20
Արձակուրդների հետքերով. Մինչ մյուսները հանգստանում էին ծովափերում, Արմեն Ամիրյանը «հանգստանում» էր հեռուստատեսությունում
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մոտ դպրոցական տարիներից է սերը եղել դեպի հեռուստատեսություն։
Մինչ իր հասակակիցները դպրոցական ամառային արձակուրդները կանցկացնեին ծովափերում կամ այլ երկրներում, Արմեն Ամիրյանն ամռանը եղել է հեռուստատեսությունում։
«Դպրոցական տարիքում ամառային արձակուրդներին աշխատել եմ հեռուստատեսությունում», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշելով ամառային արձակուրդները՝ պատմում է նախարարը։
Ուսանողական տարիների արձակուրդներում Ամիրյանի մոտ ոչինչ չի փոխվել։
«Երբ արդեն ուսանող էի, այդ առումով շատ բան չփոխվեց, արձակուրդին շարունակում էի աշխատել հեռուստատեսությունում», - նշում է նա։
Հիմա, որպես պաշտոնյա, արդեն ժամանակ չկա հանգստի, բայց եթե լինում է ժամանակ, Արմեն Ամիրյանն այդ ժամանակն արդեն ընտանիքի հետ է անցկացնում։
«Որպես պաշտոնյա՝ եթե հանգստանալու ժամանակ է մնում, նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս հետ», - ասում է ՀՀ մշակույթի նախարարը։