11/08/2017 14:05
ՄԱԿ. Եմենում խոլերայով վարակվել է մոտ կես միլիոն մարդ
Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 480 հազար մարդ, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը:
«ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել է, որ Եմենում խոլերայի բռնկումը տարածվել է երկրի բոլոր` 22 նահանգներում, բացի մեկից: Գրանցված է խոլերայով հիվանդանալու կասկածով ավելի քան 480 հազար դեպք և գրեթե 2 հազար մահ խոլերայից, նաև փորլուծի հետ կապված այլ հիվանդություններից»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթում համաճարակի տեմպերը նվազել են, սակայն վտանգ կա, որ դրանք կրկին կաճեն, երբ Եմենում սկսվի անձրևների սեզոնը: Ինչպես հիշեցրել է Դյուժարիկը, երկրում առողջապահության ոլորտի աշխատողները գրեթե մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստանում, բացի դրանից, շուրջ 8,8 միլիոն մարդ ապրում է այն շրջաններում, որտեղ հիվանդանոցների և բժշկական կետերի պակաս է զգացվում: