18/08/2017 15:57
Հրաչյա Հարությունյանը հրաժարվեց փաստաբանից և համաձայնեց տեղափոխվել հայկական բանտ
Այսօր Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՌԴ-ում վթարի գործով դատապարտյալ Հրաչյա Հարությունյանը հայտարարեց, որ համաձայն է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:
Նկատենք, որ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Հարությունյանից հետաքրքրվեց, թե ցանկանո՞ւմ է, որ պատժի հետագա կրման համար ինքը տեղափոխվի Հայաստան, ինչին դատապարտյալը դրական պատասխան տվեց: Հարությունյանը նաև հրաժարվեց փաստաբանական ծառայություններից՝ ասելով, որ ինքն իրեն կպաշտպանի:
«Այսինքն՝ Հայաստանին փոխանցելու դեպքում դուք շարունակելու եք կրել պատիժ ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն», - հստակեցրեց դատավորը:
Դատարանը հետազոտեց գործում առկա փաստաթղթերը և հեռացավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: