18/08/2017 11:54
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Բարսելոնայի «բարբարոսական և վախկոտ» ահաբեկչությունը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենավճռական ձևով դատապարտել է Բարսելոնայի «բարբարոսական և վախկոտ» ահաբեկչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«ՄԱԿ ԱԽ անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնում զոհերի ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը։ Նրանք նաև շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասվում է կոմյունիկեում:
Հինգշաբթի Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։
Զոհվել է 13 մարդ, կա 80 վիրավոր: Հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ կասկածյալ սպանվել՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: