20/09/2017 13:09
«Սասնա ծռերի» գործով փաստաբանները բոյկոտել են դատական նիստը
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամի գործով դատական նիստում փաստաբանները անսպասելի հայտարարեցին գործադուլի մասին:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ այսօրվա նիստում դատական կարգադրիչները թույլ չտվեցին փաստաբաններ Արայիկ Պապիկյանին ու Մուշեղ Շուշանյանին մուտք գործել դատարանի շենք, քանի որ վերջինները հրաժարվել էին բացել պայուսակները և զննության ենթարկվել: Փաստաբանները այդ գործողությունը համարում են խուզարկություն:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին ներկայացրեց Շուշանյանի և Պապիկյանի արձանագրությունները և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների վերաբերյալ որոշում կայացնելու:
Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում փաստաբան Ինեսսսա Պետրոսյանը հայտարարեց, որ նկատի ունենալով այն, որ իրենց գործընկերներին թույլ չեն տվել մուտք գործել դատարան, պաշտպանական կողմը որոշել է բոյկոտել նիստը:
«Ամեն անգամ նույն առիթով նշված պաշտպանների մուտքն արգելվում է: Արհեստական խոչընդոտներ է ստեղծվում, որպեսզի նրանց վարույթից հեռացնեն և ներգրավվեն հանրային պաշտպան: Մենք չենք մտնելու և չենք մասնակցելու նիստին: Եթե այս ընթացքում նախագահող դատավորը միջոցներ ձեռնարկի և կփորձի լուծել այս հարցը, և երբ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը մուտքը կգործեն դատական նիստերի դահլիճ, բնականաբար՝ մեր որոշումը այդ հանգամանքից կփոխվի», - ասաց Պետրոսյանը: