30/09/2017 14:29
Հայաստանն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղղություններից. Պաշտպանության նախկին նախարար
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե տարիների ընթացքում պատերազմում ռազմական բաղադրիչը զիջում է իր դիրքերը հիբրիդային բաղադրիչներին։
«Պատկերացրեք, եթե պետությունը չունի ռազմական ուժ, իր անվտանգությունն ապահովված չէ ռազմական տեսանկյունից, ապա նա ինչ հիբրիդային պատերազմ կարող է վարել», - «Ժամանակակից պայմաններում կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունվետ հակազդման հարցերը» թեմայով քննարկմանը լրագրողներին ասաց Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմը դարձել է ավելի արդյունավետ, և ստիպված գնացել են այդ ճանապարհով, որովհետև ստեղծվել են այնպիսի հզոր զենքեր, որոնք ի վիճակի են ոչնչացնել պետություններ։
«Եվ եթե սկսես լայնածավալ պատերազմ, ապա կստանաս այնպիսի վնաս, որ չես կարողանա վերականգնել։ Դրա համար հիբրիդային պատերազմի նպատակը հետևյալն է՝ խուսափել լայնածավալ պատերազմից և հասնել քո ռազմաքաղաքական նպատակներին», - ասաց Վաղարշակ Հարությունյանը։
Իսկ ոչ ռազմական մեթոդները, ըստ նրա, հիմնվում են ռազմական ուժի վրա։
«Հիբրիդային պատերազմը հիմնվում է ռազմական ուժի վրա, բայց կիրառվում են բոլոր մեթոդները՝ լրատվական, բարոյահոգեբանական, տնտեսական և այլն։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Հայաստանի համար ռազմական սպառնալիք ներկայացնող Ադրբեջանը նավթադոլարներ և հզոր տնտեսական ներուժ ունի, բայց ի վիճակի չէ լուծել իր առջև դրված խնդիրները: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղղություններից», - նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի։