09/10/2017 17:54
Հայաստանում կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության դեպքերը աճել են
Իրավապահ մարմիններում 2016-ին ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ է հարուցվել, իսկ 2017-ի առաջին կիսամյակում՝ 215 քրեական գործ, այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ Քննչական կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Դավիթ Թումասյանը:
Ըստ հանցագործության տեսակի բաշխվածության՝ 2016-ի դրությամբ ընտանեկան բռնության գործերով ամենաշատը գրանցվել են ծեծի դեպքեր, 10 քրեական գործ հարուցվել է սպանության հոդվածով, եղել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքեր, 16 տարին չլրացած երեխայի հետ սեռական հարաբերության դեպքեր:
Թումասյանի փոխանցմամբ, սակայն այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների դեպքերով վիճակագրական պատկերը փոխվել է. սպանությունների դինամիկան պահպանվում է, բայց այս տարի եղել են նաև ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու դեպքեր: Այդուհանդերձ, նրա փոխանցմամբ, ծեծի տեսակարար կշիռը նույնպես մնում է բարձր. եթե նախկինում 61.7 տոկոսն էր կազմում ծեծը, ապա այժմ կազմում է 59 տոկոսը:
«Բայց, միևնույնն է, թիվը մտահոգիչ է: Ընդ որում, երբ առանձին ուսումնասիրության առարկա դարձրինք, թե ինչքան են տուժողների մեջ երեխաները, ապա պարզվեց, որ տուժողների 20.7 տոկոսը երեխաներն են, ովքեր տուժում են ընտանիքի ներսում», - նշեց Դավիթ Թումասյանը:
Ընտանեկան բռնությունների քրեական գործով 2016-ին 204 մեղադրյալ է եղել, իսկ 2017-ի առաջին կիսամյակում՝ 115: Տուժողների թիվը, սակայն, մի քիչ ավելի է, քան մեղադրյալներինը՝ 2016-ին՝ 237 տուժող, 2017-ի առաջին կիսամյակում՝ 161 տուժող:
«Դա պայմանավորված է նրանով, որ մեկ քրեական գործով անցել են մի քանի տուժողներ: Այսինքն՝ ամուսնու գործողություններից կարող են տուժել և՛ երեխան, և՛ կինը», - ասաց ՔԿ ներկայացուցիչը:
Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե նախկինում կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության դեպքերը հազիվ 1 տոկոս էին կազմում, ապա 2017-ին վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության դեպքերը աճել են՝ հասնելով 4.5 տոկոսի:
2016-ին ընտանեկան բռնության դեպքերով 89 քրեական գործ ուղարկվել է դատարան, իսկ այս տարվա առաջին կիսամյակում 46 անձի նկատմամբ 43 քրեական գործ է ուղարկվել դատարան:
«Ընտանեկան բռնության դեպքերը լատենտային հանցագործություններ են, դրանց լատենտայնությունը բավականին բարձր է, և դա կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հանգամանքներով», - ասաց Դավիթ Թումասյանը: