16/10/2017 14:17
Բաքուն մերժում է միջազգային միջնորդների առաջարկները՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա. Արա Բաբլոյան
Միջմշակութային բազմազանության առաջխաղացումը միջկրոնական և ազգամիջյան երկխոսության միջոցով կարևորագույն նախադրյալ է ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար, ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ ՊետերբուրգումՄիջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովի ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ:
«Շուտով Հայաստանում կավարտվի աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Միջմշակութային այս կապերը գոյություն ունեն այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի շնորհիվ: Վերջերս կարևոր քայլ կատարվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` քրդերը, ռուսները, եզդիները և ասորիները, ստացան երկրի խորհրդարանի պատգամավորի մանդատներ», - նշել է ԱԺ նախագահը:
Վերջինս մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում հայերի և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը: «Մենք փորձում ենք նաև օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում», - նշել է Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ իրավիճակը սարսափելի է նաև հարևան Ադրբեջանում, որտեց ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր և այլ սրբավայրեր:
«Համանման իրավիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված և հետևողականորեն ավերվել է:
Այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ և այլատյաց հռետորաբանությունը:
Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա և ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ, որը որևէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է», - ասել է նա: