19/10/2017 12:26
Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Համաձայնագրին համապատասխան` երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ըստ նախագծի` թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս:
«Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսների փոխադրումները»,- նշեց նա:
Համաձայնագրով նախատեսվում է ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջև փոխադրումների կանոնակարգում:
Այդ փոխադրումներն իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն:
Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: