23/10/2017 20:42
«Տիտանիկում» գրված նամակը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ռեկորդային գնով (Տեսանյութ)
«Տիտանիկ» լեգենդար նավի ուղևորներից մեկի հեղինակած նամակը, որը գրվել է նավի վրա գտնվելիս, աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գումարով՝ 126 000 ֆունտ ստերլինգով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես գրում է BBC-ն, նամակի հեղինակը ամերիկացի գործարար Օսկար Հոլվերսոնն է: Այն ուղղված է եղել գործարարի մորը: Կոլեկցիոներները երկար ժամանակ փնտրել են այդ նամակը, քանի որ այն գրվել է 1912-ի ապրիլի 13-ին տրանսատլանտյան նավի՝ այսբերգի հետ բախման նախօրեին:
Որքան հայտնի է մասնագետներին, դա միակ նամակն է, որը գրվել է «Տիտանիկի» կնիքով թղթի վրա, ապա անցել է ջրի հատակը, սակայն պահպանվել է:
Այդ պատմական փաստաթուղթը, որը քայքայվել է ծովի ջրից, վաճառվել է Ուիլտշիր կոմսությունում անցկացված Henry Aldridge & Son աճուրդում: Այն վաճառվել է բրիտանացի գնորդին, ով աճուրդին մասնակցել է հեռախոսի միջոցով: