23/10/2017 19:33
Բոլորը թող ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը. Սերժ Սարգսյան
Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին ՀՀ նախագահն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը։
«Երկար տարիներ Հայաստանն աչքի է ընկել իբրև ապահով երկիր: Այդ մասին շատ են խոսել թե՛ տարբեր առաքելություններով Հայաստան այցելած անձինք, թե՛ պարզապես զբոսաշրջիկները: Դա, բնականաբար, ոգևորիչ է»,- ասել է նախագահը՝ միաժամանակ փաստելով, որ վերջին շրջանում միջազգային որոշ կառույցների կողմից կատարված հետազոտություններով Հայաստանի ցուցանիշներում նկատվում է նահանջ:
Դա, նախագահի խոսքով՝ մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել:
«Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում:
Մենք պետք է ձգտենք անընդհատ առաջընթաց գրանցել: Մեր նպատակն է կայուն տեղ զբաղեցնել աշխարհի ամենաապահով և մրցունակ երկրների շարքում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, թե անվտանգ միջավայրը նպաստում է և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ ներդրումների աճին:
«Բացի այդ, խիստ կարևորում եմ հասարակական համերաշխության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը: Այստեղ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրականացնել իր իրավունքները կամ կատարել իր պարտականությունները՝ չվնասելով այլոց իրավաչափ շահերը:
Անշուշտ, կան և լինելու են անհատներ, ովքեր փորձելու են իրենց սահմանադրական իրավունքները և ազատությունները պատշաճ իրականացնող անձանց հաշվին իրացնել սեփական կամ խմբային նկրտումները: Ուստի, ոստիկանությունը միշտ պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքելու տարաբնույթ երևույթներին: Ոստիկանությունը պետք է պատրաստ լինի տարբեր հարթություններում դիտարկելու ակնհայտ իրավախախտին և իր քաղաքացիական իրավունքից բարեխղճորեն օգտվողին կամ մասնագիտական պարտքը կատարողին:
Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը: Իշխանության կողմից մարդու իրավունքներին և ազատություններին ոչ իրավաչափ միջամտությունն անթույլատրելի է, նույնիսկ եթե նպատակն արդար է»,-ընդգծել է երկրի ղեկավարը։