07/11/2017 14:15
Քաբուլում զինված անձինք հարձակվել են հեռուստակայանի վրա
Մի խումբ զինյալներ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են տեղի հեռուստակայանի վրա: Հաղորդագրություններ են ստացվում սպանվածների ու վիրավորների մասին:
Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ էին նետում և կրակում էին Shamshad մասնավոր հեռուստաալիքի շենքում:
Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, BBC-ին պատմել է, որ հարձակվողները դեռևս գտնվում են շենքում: Արտակարգ պատահարի վայրում հրաձգության ձայներ են լսվում:
«Իմ գործընկերներից մի քանիսը սպանված են և վիրավոր: Ինձ հաջողվեց փախչել», - ասել է Խաշմաթ Իստանկզային:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հարձակման հետևանքով զոհվել է երկուսից մինչև հինգ մարդ:
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Բասիր Մուջահիդը հայտնել է, որ հարձակումն սկսվել Է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ իրականացված պայթյունից, ինչից հետո հարձակվողները ներխուժել են շենք և կրակ բացել: Նրա խոսքով՝ հարձակվողներից մեկին գնդակահարել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Ենթադրվում է, որ շենքում գտնվում Է շուրջ հարյուր մարդ: Առայժմ ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: