22/11/2017 12:16
ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին առաջարկել ԵԱՏՄ-ի հետ համատեղելի համագործակցություն, սակայն ազատ առևտրի գոտու մասին խոսք այլև չկա
Եվրոպական միությունը տեսնում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը, չնայած Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությանը, սակայն բացառում է այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին:
«Ավելի վաղ ԵՄ-ն առաջարկել է Հայաստանին համագործակցություն, որն, ըստ էության, համադրվում էր այլ առաջարկների հետ: Հայաստանը նախընտրեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը նշանակում է այդ միության ներսում սպառողական շուկային միացում», - ասել է աղբյուրը:
«Եվ հենց Հայաստանը դարձավ այդ համաձայնագրի մի մաս, կորցրեց միությունից դուրս երրորդ գործընկեր երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման իրավունքը», - ասել է նա:
«Հետևաբար, եթե Հայաստանը ցանկանում է Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, միակ ճանապարհն է՝ խախտել ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը», - մանրամասնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Հայաստանն աջակցել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստեղծման գաղափարին:
Նա հավելել է, որ ԵՄ-ն ընդունել է Հայաստանի ընտրությունը և հարմարվել դրան:
«Այժմ ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է պայմանագիր կնքել, որը նաև նախատեսում է համագործակցության հնարավորություն, սակայն չի հանդիսանում ազատ առևտրի պայմանագիր, քանի որ նման փաստաթղթի կնքումն այլևս հնարավոր չէ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով», - ասել է դիվանագետը:
«ԵՄ-ն հարմարվել է իրավիճակին, և մենք առաջարկում ենք համագործակցություն, որը համահունչ է Հայաստանի ընտրությանը, և կարծում եմ՝ հնարավոր է նման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, որը թույլ կտա լինել նաև Եվրասիական տնտեսական միության մի մաս», - նշել է աղբյուրը: