07/12/2017 13:35
2018-ի ապրիլից հետո Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ և այլևս ծրագիր չի ներկայացնի ԱԺ
2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ, այդ մասին այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը:
«Այս փոփոխությունը բխում է Սահմանադրության փոփոխություններից: Այսինքն՝ այս փոփոխություններով պալատը վերահսկողության մասով կիրականացնի հաշվեքննություն», - նշեց Յոլյանը:
Այս ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի դատին, քանի որ 2018-ի ապրիլից հետո այլևս ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:
Ինչ վերաբերում է 2018-ի անելիքներին, Յոլյանը տեղեկացրեց, որ առանձնացրել են մի քանի ոլորտներ, որոնցում իրականացնելու են համալիր ուսումնասիրություն: Այսպես, համալիր ուսումնասիրություն կկատարվի Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում:
«Թեմաներն ընտրելիս նկատի ենք ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ՝ Քաղավիացիայում վերջին անգամ վերահսկողություն իրականացրել ենք դեռևս 2009 թվականին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ 2012-ին», - ասաց Յոլյանը: