25/12/2017 13:40
Ոչ մի դատավոր բանկերի դեմ որոշում չի կայացնում, ինչո՞ւ. Փաստաբանի կասկածները
Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը տարօրինակ է համարում այն, թե ինչո՞ւ Հայաստանում դատավորները բանկերի դեմ ոշումներ չեն կայացնում և հարցը լուծում են ի վնաս քաղաքացու:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հիշեցրեց, որ երկար քննարկումներից հետո որոշվեց դատավորների վարույթներում գործերը բաշխել ոչ թե դատարանների նախագահների կողմից կամայականության սկզբունքով, այլ՝ էլեկտոնային համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով:
«Այդ համակարգը ստեղծվեց, որ դատավորի նկատմամբ լծակներ չլինեն: Ի՞նչ է, հիմա կարո՞ղ է մեկը կարծում է, թե դատարաններում գործերը բաշխվում են համակարգչի միջոցով, պատահականության սկզբունքով: Եթե նման կարծիքի մարդիկ գոյություն ունեն, ապա նրանք պատրանքի մեջ են: Այդ համակարգչի քողի տակ գործերը շարունակում են բաշխվել կամայականորեն և թիրախավորելով որևէ դատավորի, դատարանի նախագահը կարող է նրան ծանրաբեռնել ամենաբարդ գործերով կամ հակառակը», - ասաց Ալումյանը՝ ներկայացնելով դատավորների նկատմամբ կիրառվող լծակների մեխանիզմը:
Բացի այդ, ըստ Ալումյանի, հիմնականում քաղաքացիական գործեր քննող դատավորները իրենց ժամանակի 80 տոկոսը նվիրել են քաղաքացիներին դատի տվող բանկերի գործերը քննելուն:
«Մեկնումեկը ստուգե՞լ է, կարող է պատահի այդ գործը քննող դատավորը այդ բանկի վարկառու է հանդիսանում ու այդտեղից ստացել է արտոնյալ վարկ ու հիմա քննում է այդ բանկի հայցերը: Որևէ մեկը ստուգե՞լ է Վճռաբեկ դատարանի դատավորները որ բանկում վարկ ունեն և ի՞նչ արտոնյալ պայմաններով են այդ վարկերը վերցրել», - նշեց փաստաբանը:
Ալումյանը անհրաժեշտ համարեց բացի գույքի հայտարարագրումից, Դատական օրենսգրքով դատավորին պարտադրել նաև, որպեսզի նա ներկայացնի, թե որ բանկից ինչ վարկ է վերցրել ու ինչ պայմաններով:
«Ինչու ոչ մի գործ բանկի դեմ չի լուծվում և եթե այն եզակի գործերը, որոնք բանկի դեմ լուծվում են առաջին ատյանի դատարաններում, ապա դրանք հաստատ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում բեկանվում են ու հետ ուղարկվում առաջին ատյանի դատարան ու լուծվում բանկի օգտին: Ինչո՞ւ: Միգուցե այստեղ խնդիրն այն է, որ ինչքան ավելի բարձրաստիճան դատական ատյան, այնքան ավելի մեծ կախում բանկերից: Դա պետք է ամրագրել օրենքի նախագծում, բայց ամրագրված չէ», - ասաց Ալումյանը:
Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում որևէ դրական փոփոխություն իշխանությունների նախաձեռնությամբ տեղի չի ունեցել, իսկ ինչ էլ եղել է, ապա Վենետիկի հանձնաժողովի, ԱՄՆ դեսպանատան կամ այլ միջազգային կառույցների ճնշման տակ:
«Սա ողբալի երևույթ է», - հավելեց Ալումյանը: