17/01/2018 11:58
Մարգվելաշվիլին չի բացառում, որ իր թեկնածությունը կառաջադրի աշնանը կայանալիք նախագահի ընտրություններում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառում, որ իր թեկնածությունը երկրորդ ժամկետով կառաջադրի աշնանը կայանալիք նախագահի ընտրություններում, հայտնում է ТАСС-ը:
Հունվարի 16-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ «ելնելով քաղաքական նկատառումներից՝ այսօր պաշտոնական հայտարարություն չի անի այն մասին, թե նախագահի պաշտոնի համար առաջադրելու է արդյոք իր թեկնածությունը հերթական ընտրություններում»:
Լրագրողները դարձյալ հետաքրքրվել են, թե նա մասնակցելու է արդյոք պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարին:
«Գործող նախագահը երբեք չի բացառում, որ ինքն առաջադրվելու է պետության ղեկավարի պաշտոնում», - նշել է Մարգվելաշվիլին:
Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տարել Վրաստանի նախագահի 2013 թվականի ընտրություններում: Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թվականի հոկտեմբերին: Հերթական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին: Մարգվելաշվիլին որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ: