26/01/2018 17:18
Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը և Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի ուղեկցությամբ հունվարի 26-ին` Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցել է «Մեր քաղաքը պաշտպանող լենինգրադցիների քաջությունը» հուշարձանի բացմանը:
Արարողությանը մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Հուշարձանի կառուցումը նախաձեռնել և օժանդակել է հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանը: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Էդուարդ Շարմազանովին, Վյաչեսլավ Մակարովին, Գեորգի Պոլտավչենկոյին և Հրաչյա Պողոսյանին:
«Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարը մեր ժողովուրդների համատեղ հաղթանակն է: Պատերազմի առաջին օրերից հարյուր հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու մարդկությանը ֆաշիստական բռնազավթումից: Լենինգրադի հերոսական պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է: Այստեղ իրենց մահկանացուն են կնքել շուրջ քսան հազար հայորդիներ: Անվիճարկելի է հայ ժողովրդի նշանակալի դերը Լենինգրադի պաշտպանության գործում: Պաշտպանելով Լենինգրադը՝ նրանք պաշտպանում էին նաև Հայաստանը ֆաշիզմից: Շրջափակման մեջ գտնվող քաղաքի և ռազմաճակատի պարենի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Բալթիկ ծովում Լենինգրադը պաշտպանում էր ծովակալ Իսակովը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելին կազմակերպում էր Էրմիտաժի թանգարանային նմուշների տարհանումը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը:
Այսօր բացելով այս հիասքանչ հուշարձանը՝ մենք ևս մեկ անգամ մեր վճռական «ոչ»-ն ենք ասում ֆաշիզմի, նացիզմի ու այլատյացության ցանկացած դրսևորման: Լենինգրադի պաշտպանությունը մեր ժողովուրդների միասնական հաղթանակն է, և մենք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ հերոսական սխրանքը», - ասել է Է. Շարմազանովը։