01/02/2018 19:31
«Մեդիալաբի» խմբագրության նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները ուղարկվել է հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն
«Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշել է, որ հրապարակումներն ուղարկվել է վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։
Ըստ Medialab.am կայքի խմբագրության հայտարարության՝ կայքի խմբագիրը Facebook սոցիալական ցանցում լուրջ սպառնալիք է ստացել։ Պատճառը՝ լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Սպառնացողը վախեցրել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։