01/02/2018 16:46
Քաղաքական որոշում է. իշխանությունները որոշել են ավելի փակ աշխատել. ԽԱՊԿ նախագահը՝ դռնփակ նիստերի խնդրահարույց օրինագծի մասին
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը «խիստ մտահոգիչ» է համարում այսօր կառավարության նիստում հաստատված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի այն դրույթը, որի համաձայն, նոր վարչապետի պաշտոնավարումից հետո կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ։
«Բացասական է իմ մոտեցումը այս օրինագծին, եթե մենք այն դիտարկենք տեղեկատվության ազատության տեսանկյունից։ Կարծում եմ, որ օրինագծի այդ դրույթները հետադիմական բնույթի են», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Աշոտ Մելիքյանը։
Նկատենք՝ օրինագիծը, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում և շուտով շրջանառության մեջ կդրվի խորհրդարանում, կանոնակարում է ապագա վրչապետի ղեկավարած կառավարության գործունեությունը, սահմանում վարչապետի լիազորությունները։
Մասնավորապես, օրինագծի 10-րդ հոդվածի 16-րդ կետը սահմանում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Իսկ նույն հոդվածի 17-րդ կետն ասում է՝ «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:
«Եթե մինչև հիմա կառավարության նիստերը դռնբաց էին ու պետական գաղտնիքի քննարկման ժամանակ կարող էին լինել դռնփակ, դա նորմալ էր, ընդունելի։ Բայց երբ շեշտադրումը փոխվում է և այսուհետ լինելու են դռնփակ նիստեր ու առանձին դեպքերում վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել, կարծում եմ, որ դա վկայում է քաղաքական որոշման մասին, և իշխանությունները որոշել են ավելի փակ աշխատել, քան աշխատում էին մինչև հիմա։ Սա մտահոգիչ է, որովհետև հասարակությանը հետաքրքրում են այն հարցերը, որոնք քննարկվում են կառավարությունում», - նկատեց ԽԱՊԿ նախագահը։
Նրա խոսքով՝ հասարակության տեղեկացված լինելու իրավունքն է ոտնահարվում այս օրինագծով, ինչպես նաև՝ կառավարության թափանցիկ աշխատաոճն է հարվածի տակ հայտնվում։ Մելիքյանի կարծիքով՝ լավ կլիներ օրինագծում ներառել հոդված կառավարության թափանցիկ աշխատանքի մասին, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում բաց աշխատել։
Դիտարկմանը, թե օրինագիծը կառավարությունում ներկայացրած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փաստաթուղթը համարել էր ժողովրդավարական և նշել, որ դռնփակ նիստը հնարավորություն կտա կառավարությանը աշխատել անկաշկանդ, փորձագետը արձագանքեց.
«Ամեն ինչ կարելի է յուրովի մեկնաբանել, հիմնավորել։ Կարծում եմ, որ այդպիսի պատճառաբանությամբ Դավիթ Հարությունյանը ուղղակի քողարկել է փաստաթղթի հետադիմական բնույթը տեղեկատվության ազատության առումով։ Որևէ կառավարություն փակ աշխատաոճով արդյունավետության չի հասել, և Հայաստանն էլ բացառություն չէ այդ առումով։ Ոչ մի բան չի կարող կաշկանդել կառավարության անդամներին, եթե լրագրողը ուղղակի նստած է մոնիտորի մոտ և լսում է՝ ինչ հարցեր են քննարկվում կառավարության նիստում»։
Այս օրինագծի հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, թե այս քայլը վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանի ձեռագիրն է։ Այս կապակցությամբ Մելիքյանն ասաց. «Ես ձեռագրերի մասնագետ չեմ։ Ինձ համար մեկ է՝ Սերժ Սարգսյանի՞, Կարեն Կարապետյանի՞, թե՞ Արա Բաբլոյանի նախաձեռնությունն է։ Ամեն դեպքում, տեղեկատվության ազատության առումով սա հետադիմական նախագիծ է։ Ես այստեղ տեսնում եմ քաղաքական որոշում, որը հարիր չէ ժողովրդավարական երկրներին»։
Փորձագետն ասաց, որ փորձելու են բարձրաձայնել խնդիրը հնարավորինս շատ։ Հույս ունի՝ խորհրդարանական լսումներ էլ կկազմակերպեն նախագծի վերաբերյալ, որտեղ էլ կներկայացնեն իրենց մոտեցումները։